Գլխավոր > Նյութեր > հոդվածներ > Pro Domo Sua, կամ Թուրքմենբաշու և Բուլգակովի արանքում. պատասխան Արա Նեդոլյանի վերլուծությանը

Pro Domo Sua, կամ Թուրքմենբաշու և Բուլգակովի արանքում. պատասխան Արա Նեդոլյանի վերլուծությանը

Ներկայացնում ենք Գևորգ Տեր-Գաբրիելյանի պատասխանը Արա Նեդոլյանի` հեղինակի Անաստված կինոթատրոն գրքի մասին գրված գրախոսությանը:

Հաճելի է, որ Արա Նեդոլյանը Անաստված կինո թատրոն ժողովածուիս վերլուծությունն է հրապարակել: Վերջին տարվա ընթացքում այդ և մյուս գիրքս՝ Հրանտը, որոշ ուշադրության արժանացել են, սակայն ժողովածուն ամբողջությամբ դեռ գրախոսված չկար, առանձին գործերն էին քննարկվել: Իսկ ինձ պետք է ընթերցողի կարծիքը, հաց ու ջրի պես, գուցեև ի տարբերություն որոշ այլ գրողների: Քաջալերում եմ, որ հետադարձ կապ տան գրածիս վերաբերյալ, նույնիսկ պահանջում, որ քննադատական լինի, անայլևայլ: Նախ, գուցե այդ կարծիքը ևս մեկին դրդի գրքին ծանոթանալ, բայց գլխավորը՝ ինձ ուղղություն է տալիս, տեսնեմ` ի՛նչ են հասկանում գրածիցս, և, ուրեմն, ո՛ւր գնամ: (Թեև, ճիշտն ասած, անհայտ է, արդյո՞ք հեղինակն այնքան ճկուն բան է, որ կարող է իր համար նախանշված ուղուց շեղվել. բայց միգուցե՝ մի՜ քիչ հաշվի առնել, ուղղվել...) Գումարած՝ գոնե գիտեմ, որ կարծիք արտահայտողը կարդացել է)): Էլի ընթերցող է)), կորած բան չէ)): Ստանում եմ, երբեմն, անհատական հետադարձ կապ, մասնավոր, սակայն նաև՝ ահա, Արայի գրածի պես, հանրային, և ամեն տեսակն էլ կարևոր է, հատկապես սա, որ ողջ ժողովածուի մասին է և հարցադրում է, թե ինչպե՛ս պետք է մեկնաբանել ողջ ժողովածուն իր ամբողջության մեջ: Այդ հարցը կարևոր եմ համարում, քանի որ իմ ժողովածուները՝ նաև նախորդը` Հրապարակ նկուղը, դիտարկում եմ որպես հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ: Նախորդը 1984-ից մինչև 1992-ը գրածներիս ընտրանին էր, սա՝ 2012-ից 2018-ը, քանի որ մեջտեղի քսան տարին, փաստորեն, հայերեն արձակ չեմ գրել:

Եվ սա նաև որոշ էսսեներ է պարունակում, որոնք Արան չի դիտարկել: Երբ ժողովածուն կազմում էի, որոշ գիտակներ խորհուրդ էին տալիս էսսները չընդգրկել, քանի որ, ասում էին իրավացիորեն, գեղարվեստական արձակը մի ժանր է, էսսեները՝ ուրիշ, ընթերցողը տարբեր է: Սակայն ես ընդգրկեցի էսսեների ընտրանի, նախ՝ որովհետև սա հաշվետվություն էր «արված աշխատանքի վերաբերյալ», հետո՝ նրանք երկխոսում են արձակի հետ, ու նաև՝ նրանք «մանիֆեստային» բնույթ ունեն: Այդ երկխոսելը, ինձ թվում էր, կարևոր է. ասենք, երբ «տեսականորեն» գրում եմ անառաջնորդ հասարակության երևույթ-ելույթը Էլեկտրիկ Երևանի ժամանակ և զուգահեռաբար այդ երևույթը վերարտադրում «Փողփողան առագաստներ» գործում: Գուցե ցույց եմ տալիս` ինչպես է ձևափոխվում գաղափարը, իրականության վերլուծությունն արձակում: Հետո նաև մտածում էի. «Մարդ ես, գուցե հոգնես արձակը կարդալ կամ չհավանես՝ էսսեները գերադասես»: Որոշ դեպքերում այդպես էլ եղավ:

Այդ տարբերակումը՝ «էսսե» վերսուս «արձակ», նույնպես պայմանական է, իհարկե, սակայն կա նաև սկզբունքային տարբերություն գեղարվեստական արձակի (fiction բառը հայերենում չկա) և հրապարակախոսական կամ խոհական էսսեի միջև, թեև, որոշ դեպքերում, էսսեն կարող է լինել գեղարվեստական, ինչպես Հրանտ Մաթևոսյանի «Մեծամորը»: Բառ կա՝ «հրապարակագրություն»: Իմ էսսեները գեղարվեստականի նպատակադրում չունեին, արձակ են, իհարկե, բայց տարբերել եմ դրանք «բուն» «արձակից»:

***

«Առագաստներն» Արան հետաքրքիր է ընկալում, որպես ինչ-որ բանի (հեղափոխության) կանխագուշակում, և՝ սահմանափակ նշանակության, քանի որ, իրոք, պամֆլետային է: «Պամֆլետ», «մանիֆեստ», «հրապարակագրություն» – նույն թեզաուրուսի մաս են տվյալ դեպքում:

Մինչդեռ իմ մտահղացման մեջ կանխագուշակում և հեղափոխություն չկար:

Ընդհակառակը, նպատակ էի դրել ցույց տալ` ինչպես է «բիոմասսան» ապրում, «գործում» և «հաղթում»՝ առանց գաղափարախոսության ու առանց առաջնորդների, զուտ իր ինչ-որ թաքուն, ոչ շատ հաճելի, անձևակերպելի հատկությունների շնորհիվ: Փորձում էի ցույց տալ հայաստանյան հասարակության այն պահի իմ ընկալումը, որն այդպիսին էր, երևի, 2009-ից մինչև 2016-ի ամառը, երբ, թվում էր` բոլոր գաղափարները ջախջախված են կամ ոչ նշանակալի, և առաջնորդության հնարավորությունն իսկ ջնջխված է հասարակության մեջ, սակայն այն, կարծես, դեմ էլ չէ դրան: Թվում է, հերոսը Կիսելյովն է (և Արան հենց այդ տեսանկյունից էլ դիտարկում է գործը), սակայն իմ մտահղացմամբ՝ այդ տարօրինակ ու անհեռանկար հասարակությունն էր, որը ճահճի պես փաթաթվում էր Կիսելյովի վզին և խորտակում նրան: Հասարակություն, որը ոչ միայն դեպ «լավը» չի շարժվում. այն դեպ «վատն» է՛լ չի շարժվում:

Հիմա սա ինչու եմ գրում: Ոչ թե Արայի կարծիքներին հակաճառելու համար: Սակայն ունեմ զգացում, որ մեզանում ընթերցելը տուժած է, որ տեքստի արտաքին կեղևից դենը քիչ է ընթերցվում: Արան փայլուն է ընթերցել, սակայն էլի ծարավ եմ հավելյալ բացատրելու: Այդ առումով շատ կարևորում եմ հարցազրույներս, և սակայն դրանցից հետո էլ, երբ հիշում եմ հարցերը, որ տրվում էին, մանավանդ եթե բաց եթեր էր, ուզում եմ կրկին պատասխանել՝ այլ կերպ, քանի որ, թվում է, ճիշտ ու սպառիչ պատասխանը չկարողացա ձևակերպել:

***

Առիթից օգտվելով ուզում եմ «ոչ մակերեսային» մի քանի բան ասել, գուցե՝ ինքս ինձ բացատրել: Ուրեմն, էսսեները տեղադրեցի արձակի կողքին զուգահեռների համար:

Դրանք գրելն ավելի հեշտ էր: Երբ պիտի վերադառնայի հայերեն արձակ գրելուն՝ թափով մի շարք էսսեներ գրեցի: Առաջին գործս, որ «արձակ» էր՝ «Ինսպեկցիան» էր: Այն էլ հայտնի չէ, «արձակ» էր, թե ինչ: Եվ հենց այդ պահից խնդիրը նորից ձևակերպվեց. մի հին խնդիր, որ և՛ ինքս եմ զգացել շատ վաղուցվանից, և՛, համոզված եմ, շատ արձակագիրներ. արդյոք որտե՞ղ է «արձակիս» և «հրապարակագրությանս» սահմանը. «հորինվածքիս» և այսօրվա հպանցիկ իրականությանը հղումներիս, որոնք անցնելու-գնալու են, հավանաբար, և գուցե անհասկանալի դառնան:

Մանավանդ երբ ժամանակն արագ է հոսում, ամենն արագ է փոխվում, ինչպես մեր դարում և աշխարհում՝ արձակագրի առջև խնդիրներ են հառնում, որոնք, միգուցե, այնքան էլ չկային առաջներում: Ժամադրությանն ուշացող աղջկան բջջայինով զանգահարել և իմանալ, գալու է թե ոչ՝ իմ պատանեկության ժամանակ անհնար էր. բջջային չկար: Եվ հույսը, որ այդ հույզն ու սպասումը, այդ անելանելիությունն այսօրվա երիտասարդ ընթերցողը կհասկանա... արդյոք սին չէ՞:

Նշե՞լ արդյոք «Լատինինա» անունը «Յաթաղանում»... Թե՞ փոխել «Ռոմանովայի»: «Պիցցա հատն» այլևս Ամերիկայում չկա, և երբ անգլերեն թարգմանությունն էր արվում, թարգմանիչն ինձ խորհուրդ տվեց այլ տարածված մոդայիկ «ժանգոտ ուտելատեղի» անունով փոխարինել: Կիսելյովին ո՞վ է հիշելու մի քսան, գուցե տասը տարուց, մանավանդ՝ որպես խորհրդանիշ: Էլ չասած, որ իմ կերպարը և՛ նա «իրականն» է, և՛ ոչ...

Որտե՞ղ է անցնում հորինվածքի և վերարտադրված իրականության սահմանը. դա էքսպերիմետներիցս, հարցադրումներիցս մեկն է: Ինչպե՞ս ընտրել բառերը, որ անցողիկը դառնա ու, գուցեև, մնա արձակ:

Եթե լրիվ պայմանական կամ «հավերժ» բաների մասին ես գրում՝ ստացվում է մեր այսօրվա կյանքից հեռո՜ւ-հեռու, քանի որ այդ բաները աբստրակտ ու տեսական են դառնում, եթե ագուցված չեն այսօրվա մանրամասներին, ինչն իրենց խորք կհաղորդեր և դուրս կբերեր կլիշեականությունից: Իսկ եթե շատ ես շեշտում «կյանքի» մանրամասնը, այն կարող է դադարել իմաստ հաղորդել, եթե այլևս չկա. ծորուն է, փոփոխվող, մոռացվող: Ինչպես «Ինսպեկցիայում» նշված՝ գոգավոր նստարանները, որոնց նստելիս ասես «մորդ գիրկը» նստես. որոնք վերացան Մյասնիկյանի արձանի ետևի պուրակից, երբ այն քանդվեց ու դարձավ Վարդանյանների շատրվանների պուրակ:

Ընթերցողն այդ մանրիկ անցյալից գուցե անտեղյակ է, պիտի շատ բացատրես, որ դրա նոստալգիկությունն ու իմաստը հասկանա, և գուցե ավելի լավ է՝ ոչ արձակում դա բացատրել: Ի միջի այլոց, որ այդ պուրակն ուզում են քանդեն, իրոք որ «կանխագուշակել եմ» «Կիսելյովում»:

Երբ ես ընտրեցի Վարոսին, որպես «Ինսպեկցիայի» հերոս, երրորդ դեմքից, ես մեկընդմիշտ շրջադարձ կատարեցի հեշտ հրապարակագրությունից դեպ արձակ: Վարոսը դարձավ առանձին գործող անձ՝ իր կյանքով, ոչ ես: Ինչ-որ բանով գուցե ինձ նման, սակայն՝ նաև շա՜տ տարբեր: Բայց խնդիրը մնաց. Արային ասացի, որ կոշիկների ֆլեշմոբից ծնվեց աբորտի մասին պատմվածքը: Ցեղասպանության թեմայից, այդ թեման չափից դուրս միակողմանի ներկայացնելու ախտից պոկվելու ցանկությունից՝ «Յաթաղանը»: «Օկուպացված» թե «ազատագրված» տարածքների շուրջ վեճից՝ «Մածնապանրիկը»:

Այսինքն գրածս այդ «խաղն» է՝ այդ մտածմունքը, երկխոսությունը՝ «հրապարակագրային» թեմաների և՝ «հորինվածք» արձակի:

***

Զգացում ունեմ, որ մեզանում ընթերցելը՝ հասկանալու, վերլուծելու համար, դարձել է բացառիկ դեպք: Թեև՝ ընթերցողի հոգու խորքը չես մտնի, մանավանդ, եթե կարծիք չի հայտնել: Իսկ երբ հայտնում են, նախ շնորհակալ եմ, հետո երբեմն շատ էլ մտածված, խորքային են լինում, իսկ, այ, ով որ չի հայտնում՝ չգիտեմ և այդ կասկածն ունեմ: Մանավանդ երբ խոսքը գեղարվեստական պատումի հասկանալուն է վերաբերում: Այդ նպատակն էլ ուներ էսսեներիս հանդիպադրումն արձակին. դրանք ավելի հեշտ է հասկանալ, գոնե դրանցից որոշները: Հենց դա էլ տարբերությունն է. որ գեղարվեստական արձակն անուղղակի է և խորքային, իսկ էսսեները և նրանց ժանրն ընդհանրապես, որքան էլ խորքային միտք արտահայտված լինի, սակայն «տեսական» են և այդ առումով՝ ավելի հեշտ ընկալելի: Գոնե որոշ դեպքերում: Եվ՝ «տափակ» է էսսեների տարողությունը: Այնտեղ կա մի հերոս՝ հեղինակը, և նա իր մտքերն է պատմում: Եվ այնտեղից քաղել կարելի է, ասենք, ասույթին մոտեցող ինչ-որ արտահայտություններ, ինչ-որ, ասես թե, «իմաստություններ»: Դա էլ է ինձ գրգռում, երբ «իմաստություններ» են փնտրում, մաքսիմի պես, աֆորիզմի պես մի բան՝ գեղարվեստականում: Եվ նույնիսկ «ոչ գեղարվեստական»-ում: Ժամանակի կորուստ, տեքստի հյուսվածքը չհասկանալու սիմպտոմ, սխալ իմաստություն, մեծ մասամբ՝ սխալ խորհուրդ:

Շատ եմ ասել, որ, ասենք` «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց...» և այլն, չի կարող համարվել իմաստություն, քանի որ դա պարզապես այդպես չէ. և՛ երջանիկներն են տարբեր, և՛ դժբախտները, իսկ որոշ առումներով՝ և՛ երջանիկներն են միմյանց նման, և՛ դժբախտները: Վերջերս նույն մտքին հանդիպեցի Ակունինի և Ուլիցկայայի զրույցում: Այսինքն` դա պարզապես գեղեցիկ խոսք է, հարիր Տոլստոյի հանճարեղ վեպի սկիզբ լինելուն, բայց որպես իմաստություն, որը խորհուրդ է պարունակում՝ ոչ: Նույն կերպ հերսոտում եմ, երբ հերոսի խոսքն է որպես իմաստություն ներկայացվում, ասենք՝ Հրանտ Մաթևոսյանի «Ծառ ես...» արտահայտությունը: Դրա մեկնաբանությունը մեզանում հաճախ ուղղվում է դեպ այն գաղափարը, որ, ահա, մինչև արցախյան պատերազմն ու անկախությունը հայ ազգը «ծառ» էր, կտրեն՝ կտրեն, չկտրեն՝ կանգուն էր, իսկ, այ, արցախյան պատերազմի շնորհիվ ցույց տվեց, որ ինքը «ծառ» չէ:

Այդ գործում՝ «Ծառերը», հերոսուհին «գովերգում է» իր «ավազակ» հորը: Նա ուզում է, որ որդին ավելի վճռական լինի և եթե պետք է՝ նույնիսկ դիմի, գուցե, անօրեն արարքների, որպեսզի տակից դուրս գա. կամ՝ նույնիսկ բռնության դիմի:

Սա չի կարող իմաստություն լինել, որովհետև եթե դիտարկենք այդ «ավազակ» հոր պատմությունը՝ թեկուզև «Նանա իշխանուհու կամուրջ»-ում, տեսնում ենք, թե ի՛նչ «բազմանիստ» կերպար է այդ «իշխան» Իշխանը, նաև՝ իր խեղճությունն ի ցույց դրված ամբողջությամբ: Տհաճ, խեղճ ու շատ նշանակալի կերպար է, և դա չի կարող լինել իդեալ, որին հեղինակը ոգեկոչում է, չի կարող դա լինել Մաթևոսյանի իդեալը և չի կարող լինել հայ ազգի և կամ հայաստանյան հասարակության իդեալը, և ծառը պակաս կենդանի արարած չէ` իմաստուն, բարի, պետքական... Եվ սա գիտական փաստ է:

Ծառերը դիմադրում են իրենց անխնա հատվելուն՝ ծառ մնալով, ինչպես որ հազարամյա հայ ժողովուրդը. սա՛ է «Կիսելյովի էքսպերիմենտից» մոգական հետևությունս, սա՛ էի հետազոտում: Ճկուն և ադապտացվող է մեր «բիոմասսան» և այդքանով՝ անմահ: Գուցեև անմահության ոչ շատ հաճելի տարբերակ է դա... Հակառակ է գնում մեր շատ պատկերացումներին՝ թե ինչպե՛ս պիտի լինենք աշխարհը դեպ լավը փոխող ազգ... Ճանաչենք մեզ ավելի խորքից՝ գուցե իրոք դառնանք...

Սրիկայության, խաբեբայության, բռիության, խարդախության կոչ չի կարող Մաթևոսյանն անել լրջորեն, կարող է իր հերոսուհին անել, անելանելիությունից ելնելով, քանի որ երբ հասարակական կարգն անիրավ և սրիկայական է, այդ կարգում սրիկայություն անելն արդյոք հերոսություն է թե ոչ՝ պարզ մարդը կարող է ճիշտն ու սխալը, լավն ու վատն էմոցիոնալ պահին իրար խառնել, և դա հասկանալի է, ու գեղարվեստորեն ապացուցված է Հրանտի և այլոց կողմից: Կամ՝ պարզապես տրտնջալ: «Աղբրին ղրկեն, մինչ հասնես՝ ջուրը կվերջանա»: Այսինքն՝ բարդ է վիճակը, իմաստություն, աֆորիզմ, մաքսիմ չէ Հրանտի տեքստի այդ ֆրազը՝ «ծառերի» մասին, կամ շատ այլ ֆրազներ:

Այդպես, աֆորիզմներ արձակից որսալն ինձ դուր չի գալիս: Բայց ոչ միայն արձակից: Ոչ արձակից էլ: Ասենք՝ բանավոր խոսքից. Պիկասոն ազդարարեց, որ գտնում է, և այդպիսով փնտրելը նվաստացրեց:

***

Ես ինձ գրականագետ չեմ համարում, թեև երբեմն այդպես են ինձ բնորոշում, ասում են՝ «գրականագետ», և կարող էի լինել, ունենալով բանասիրական կրթություն, սակայն գրականություն վերլուծելս մեծ մասամբ գրողական տեսակետից է. ի՛նչն օգտագործեմ, փախցնեմ, ի՛նչը կարող է պետք գալ, ինչպե՛ս է այս գործը «սարքած»... Կամ՝ մաքուր ընթերցողի կարծիք է իմը, քանի որ մարդը գրող չէ անընդհատ, նա դադարում է գրող լինել հենց այն պահից, երբ գեղարվեստական տեքստ չի արտադրում, շատ քիչ է այն ժամանակը, երբ մարդը գրող է. կոնկրետ այն վայրկյանները, երբ գեղարվեստը ծլում է իր գրչի ծայրին: Թեև մնացած ժամանակ նա կարող է հիշել, որ գրող է (լինում երբեմն), սակայն լավ է ընթերցողը մարդու մեջ չխառնվի գրողին:

Ընթերցող ես եղել եմ՝ կյանքիս խոշոր մասը, խորացած ընթերցող, տարիքի հետ այդ ունակությունն էլ է թողնում-գնում, կամ գեղարվեստական տեքստերի ընկալունակությունս այլևս այն չէ, այլևս այն «ահա՛»-ն, այն «էվրիկան» շա՜տ հազվադեպ եմ ապրում, և դա, երևի, նորմալ է. գրող մնում եմ դեռևս, ընթերցող՝ այլևս ոչ այնպիսի երիտասարդ սիրահար: Ինչն ինձ հուշում է, որ լավ ընթերցողը պիտի երիտասարդը լինի, հենց նա՛ պիտի կարող լինի գեղարվեստական տեքստ ընթերցել, ընկալել, վերլուծել, տոգորվել: Վերջին անգամ «ահա՛» ապրեցի ոչ արձակից՝ Տարանտինոյի վերջին ֆիլմը դիտելուց:

Ժողովածուն կազմելիս հենց այն սկզբունքն եմ հաշվի առել, որն Արան նկատել է իր կողմից ամենաչհավանած կամ ամենաչհասկացված պատմվածքի՝ «Բռանդենբուռգի» մասին խոսելիս. ընտրել եմ գրածներիցս ամենա-, իմ կարծիքով, նշանակալիները, բայց և այնպե՛ս դասավորել, որ ոճը, թեման, ժանրը «խճանկարային» լինեն: Որ, էլի, իրոք, եթե մեկնումեկը մի բան չհավանի՝ մեկ այլ տեսակի արձակը նույնպես գնահատելու շանս ունենա: Ես հաշվետվություն-ժողովածուներ եմ սիրում հրատարակել: Ինչպես Հրանտն էր անում. խորհրդային ժամանակների ընթացքում ընդամենը չորս ժողովածու հրատարակեց, որոնք փաստորեն պարունակում էին իր ավարտած արձակի գերագույն մասը: Ուրիշ գրողներն էլ են այդպես արել, հատկապես պոետները: Ուզում է արձակը լինի ոչ լիրիկական կամ ոչ պոետիկ, սակայն այդպես՝ ոչ թե ժանրային ինչ-որ բան հրատարակելը՝ վեպը հանուն վեպի կամ արկածայինը հանուն արկածայինի, այլ՝ ժողովածու-հաշվետվություն, - ինձ համար արձակն ու պոեզիան միավորող, իր գրի հանդեպ պատասխանատու հեղինակի հատկանիշ են:

Մեր քչաքանակ պրոֆեսիոնալ հրատարակչություններն այդպիսի մոտեցում չեն սիրում, գերադասում են կա՛մ առանձին վեպ, կա՛մ նույնաժանր պատմվածքներ, ասենք՝ մոտավորապես իրար չափ... Նման ձևեր: Գեղարվեստական արձակի շուկա չունենք փաստորեն: Որոշ բաներ վաճառվում են համեմատաբար «լավ», բայց շուկան այն է, երբ մարդ իր արածը վաճառում է և այնքան փոխհատուցում ստանում, որ դրանով կարող է ապրել (էլ չասած ընտանիք պահել) և հաջորդ արածն անել, որը նույնպես վաճառվի: Գեղարվեստական արձակի այդպիսի շուկա այսօր Հայաստանում չկա: Լիներ էլ՝ ամենահաջող գրողներից ոմանք, պատմականորեն, եղել են նրանք, որոնք ստիպված չեն եղել շուկային հարմարվել. լինեն Տոլստոյի թե Գյոթեի պես ապահովները, թե՝ ազատ, թեկուզ աղքատ, պոետները, թե՝ այլախոհները, որ հույս էլ չունեին, որ իրենց գործը կհրատարակվի:

Եվ մանավանդ, ուրեմն, իրական շուկայի բացակայության պայմաններում՝ մենք ունենք ազատություն մեր արածը ներկայացնել ընթերցողին այնպես, ինչպես կարողանում ենք, առանց հարմարվելու սաղմնային շուկայի կողմից, իբր, իր հասկացածով թելադրվող՝ պայմաններ թելադրող հրատարակչությանը, որը դա անում է գրողին «նվեր» անելու համար: Որ վերջինս գոնե թղթի վրա, իր գիրքը հրատարակելու վրա փող չծախսի կամ քիչ ծախսի:

Ժողովածու-հաշվետվություն. ամեն «թեմայից»՝ մի քիչ, և՝ փորձել սպառել «թեման», համենայն դեպս՝ քեզ համար «այսօր և հիմա». այդպես են անում նաև քիչ ֆիլմեր նկարահանող մեծագույն ռեժիսորները՝ Ֆելլինին, Տարկովսկին, Գերմանը, Տարանտինոն: Ամեն ֆիլմով՝ մի «թեմա» սպառել, մի «խնդիր» լուծել: Կնոջ վրեժը՝ մի ֆիլմ, սևամորթների հարցը՝ մեկ այլ, նացիզմը՝ ևս մեկ, զոմբիները, վաթսունականների Հոլիվուդը... Ես էլ՝ աբորտը «սպառենք», տեսնենք ինչպե՛ս է երևակվում, հետո՝ «ցեղասպանության հարցը», հետո՝ «մեր գյուղի հրաշալիքներն» ու մի քիչ էլ՝ «արցախյան պատերազմը», ռուսական նեոիմպերիալիզմը, խորհրդային ժամանակվա դպրոցը, արտագաղթը դեպ բաց աշխարհ ու դրա տխրությունը...

Իհարկե, այստեղ կա ծուղակ. արձակը «թեմատիկ» է և չէ: Նույնիսկ մեկ և նույն թեման հնարավոր չէ սպառել: Նույն «թեման» նույն հեղինակը կարող է կրկին մեկ այլ կերպ արտահայտել մեկ այլ անգամ, կամ՝ մի տեղ այդ թեման կարող է լինել գլխավոր, մեկ այլ տեղ՝ երկրորդական: Սակայն եթե չգիտես, էլ կհասցնես թե ոչ՝ գոնե մի-մի հատ անդրադարձ թող, փորձելով սպառել ասելիքդ գոնե ա՛յս պահի համար. մի հատ՝ գոմեշ, մեկ-երկու հատ՝ ձի, մի հատ՝ Մոսկվա իր աղջիկներով, մի ճարտարապետ, մի հատ էպիկական գիժ, մի հատ մայր, մի հատ «քաղաքական» աքսորյալ, մի հատ «ավազակ» պապ, մի հատ քսաներեք տարեկան տղա ու մի հատ՝ տասներկու...

***

«Յաթաղանի» մասին Նեդոլյանն ասում է, որ նրա հիմքում ընկած ֆանտաստիկ կանխենթադրույթը ռեալության «հոտ» չունի. քանի որ մարդիկ միմյանց մտքեր կարդում են բացառապես եթե սիրում են միմյանց, այն էլ՝ տղան ու աղջի՞կը:

Իսկ գուցե ո՞չ: Ի՞նչ է սերը: Կտտողը կտտվողին չի՞ սիրում: Իսկ կտտվողը կտտողի՞ն. «ստոկհոլմյան սինդրոմն» ի՞նչ եղավ, «Գիշերային դռնապանն» ո՞ւր կորավ:

Հենց այդ է. եթե հոգիդ բացում ես ուրիշի առջև, եթե քեզ դնում ես ուրիշի տեղը, արդեն գրեթե զգում ես` ինչպե՛ս ես կարդում նրա մտքերը: Մարդու և ոչ միայն մարդու. ծառի, թիթեռի, սարի, նացիստի, Կազանովայի, դիրիժյորի, ռեժիսորի, ձիու թե հրեայի: Դա նույն գործողությունն է, ինչ անում է հեղինակը կերպար կերտելիս. մտնում մարդու «մեջ» և «միջից» նրան տեսնում: Սերը հեղինակ դառնալ է: Հեղինակը ոչ թե «իշխում» է իր հերոսին, այլ՝ նրան հասկանում:

Իհարկե, կտտողը կարող է կտտող լինել միայն, եթե իր հոգին փակ է, որպեսզի չտոգորվի կտտվողի տառապանքով: Եվ սակայն... կա «հետո». մարդ արթնանում է իր արածից հետո, բռնությանը՝ իր ենթարկվելուց հետո, երբ իրեն բռնությունը ստիպեց բռնություն գործել:

Քանի որ հոգուդ կողմից գիտակցությունդ հրետակոծելու «ռիսկը» չես կարող կառավարել: Կոչվում է խիղճ: Կամ՝ կտտվողի հոգու կողմից կտտողի հոգին հրետակոծելը:

«Յաթաղանում» երկխոսում են ոչ թե պարզապես սերերը, այլ խիղճերը՝ բռնաբարված և բռնաբարած:

***

Այսօրվա հայերեն գեղարվեստական արձակի շուկա գրեթե չկա, և գրողական իմ այս գործին ընծա, համենայն դեպս իմ կյանքի ընթացքում, անկեղծ լինենք, չի էլ սպասվում: Չխաբենք ինքներս մեզ: Ավելին. ինչպես հենց սկզբում ասացի՝ ինձ անհանգստացնում է այն, որ երիտասարդները ժամանակակից հայերեն բնագիր գեղարվեստական արձակ նույնիսկ եթե կարդում են, կարդում են ոչ բավարար չափով, հաճախ եթե ոչ չհասկանալով, ապա թյուր հասկանալով, թե ի՛նչ են կարդացել և ինչո՛ւ, և հասկանալ ու բացատրել, թե ի՛նչ կարդացին, վերլուծել կարդացած գեղարվեստը՝ չեն կարողանում: Հաճույքի, ժամանցի համար կարդալը լավ բան է, բայց իմ սիրած ընթերցողը նա է, ով, չլինելով գրականագետ, կարդում է գրածը` հասկանալու համար, կոնտեքստի մեջ է այն դնում իր այլ կարդացածի հետ, մտածում, թե ի՛նչ օգուտ այս գրածից. այլ ո՛չ թե զուտ հաճույքի համար է կարդում:

Այդ ընթերցողի քչությունը շատ պատճառներ ունի, այդ մասին խոսել եմ մի շարք անգամներ. դա նաև նրանից է գալիս, որ կինոն պարտադրում է գեղարվեստի ընթերցման իր կանոնը, իսկ դա գուցե ճիշտ ձև չէ՝ գեղարվեստ արձակը կինոյի նմանությամբ միշտ դիտարկել, թեև ես էլ եմ անում հաճախ: Նաև՝ որ սպասում են «ժամանցի», որ պիտի «գրավիչ» լինի, նաև՝ որ շատ կա այլ ինֆորմացիա, ժամանակ կարելի է չծախսել, ա՛յլ գրականության վրա է կարդալու ու գրելու ժամանակը ծախսվում. մասնագիտական կամ ֆեյսբուքյան ստատուսների, և այլն:

Այդ կոնտեքստում այն հարուստ համեմատությունը, օրինակ, որ Արան է անում՝ Մաքրուհու դիսկուրսը համեմատելով Թուրքմենստանի նախագահի դիսկուրսին, հենց այն էֆեկտներից է, որոնց համար էլ գեղարվեստի վերլուծությունը գոյություն ունի և պիտի լինի. դա մի համեմատություն է, որը լիքը բան է բացատրում, և նույնիսկ ինձ՝ հեղինակիս, ի՛մ իսկ գործի մասին, և ողջ այս ժողովածուի, և ողջ գրելուս. «Թուրքմենբաշուն»՝ ընթերցողիս, գտնել, լեզուս իրեն հասկացնել, պարտադրել:

Եթե Արան ասեր «այլմոլորակայինի նման է» Մաքրուհու դիսկուրսը, դա է՛լ կլիներ ճիշտ համեմատություն, և արվել է մեկ այլ ընթերցողի կողմից: Սակայն «Թուրքմենստանի նախագահն» ավելի լավ պատկեր է, քանի որ կոնկրետ, շոշափելի, «հրապարակագրային» և անսպասելի է շատ ավելի, քան այլմոլորակայինը:

Իրոք. ճիշտ ինչպես որ «Առագաստներում» «բիոմասսան» էր հերոսը, Մաքրուհին այդ բիոմասսայի մի մասնիկն է՝ խոշորացված: Իր սիրելիությամբ, իր ցավալիությամբ նրա կերպարը մի խնդիր է ստեղծում հեղինակի, հերոսի և, ահա, նաև ընթերցող-գրախոսողի համար. ինչպե՞ս հաղորդակցվել մի բացարձակապես այլ մտածողություն, այբուբեն, բառարան ունեցողին: Ի՞նչ միասնական ազգ, ի՞նչ միասնական հասարակություն. նրա մի սեկտորը պարզապես անհաղորդակցելի է մեկ այլ սեկտորին: Հենց դա՛ եմ ուզել ես արտահայտել Մաքրուհու կերպարով, և հենց դա՛ է որսացել Նեդոլյանը. ուրեմն՝ ուզածս ստացվել է: Սակայն... եթե նա դա չասեր, ես չէի էլ կարողանա դա լավ հասկանալ և այսպես ձևակերպել: Կամ՝ չէի համարձակվի:

Այո, Թուրքմենստանի նախագահի հետ համեմատությունը, ինչպես նաև, հետո մի պահ, հանճարեղ կոմպոզիտորի (նույնիսկ եթե, բնականորեն, ոչ հեղինակի օգտին)՝ շա՜տ հարուստ են. իսկ, ահա, Պիկուլի հետ՝ ինձ բան չի ասում, նախ որովհետև չեմ կարդացել, հետո՝ որովհետև այդ հեղինակը բեսթսելլեր գրող էր, ասես այն օրերի Կոելյո կամ Դեն Բրաուն, և ես նրա նկատմամբ շատ դրական վերաբերմունք չունեմ: Ցարական Ռուսաստանը որ պիտի անխուսափելիորեն կործանվեր և ինչու՝ լավ հասկացել եմ միայն վերջերս, Միխայիլ Զիգարի ոչ գեղարվեստական գրքից:[1]

Թեև, տարիք առնելով, դադարել եմ մեծամիտ լինել գրողների հանդեպ. նույնիսկ ամենագրաֆոման գրողի մոտ էլ մի հետաքրքիր բան կարելի է գտնել: Եվ, ընդհանրապես, գեղարվեստ գրելն այնպիսի աշխատասիրություն է, որ եթե տեսնում ես թեկուզ մի փոքրիկ ճիգ, գնահատել է պետք, մանավանդ այսօր մեզանում, երբ դա անփող զբաղմունք է ու նաև՝ չեն կարդում, ինչպես ասացի: Գրեմ էսսե, հրապարակախոսական հոդված, հարցազրույց տամ՝ բազում հարյուրներ են կարդալու, դիտելու, եթե ոչ հազարներ: Արձակիս գիրքը՝ հարյուր հոգի թե ծայրեիծայր կարդա, թող իմաց տա, որ իմանամ:

Ավելին, գուցե, պետք էլ չէ:

***

Պիտի ասեմ, որ այդ միֆը՝ թե առաջներում կարդում էին, նույնպես ճշգրտման կարիք ունի: Հրանտ Մաթևոսյանին, օրինակ, 1970-ականներին նույնպես շա՜ տ-շատ քչերն էին կարդում, մանավանդ՝ հասկանում, ժողովածուն լրիվ կարդում: Բարդ էր, օտարոտի, պահանջկոտ արձակ:

Պիկուլի օրինակն ինձ բան չի ասում, սակայն Արայի գլխավոր միտքը հասկանալի է, և, իրոք, Կիսելյովի մասին պատմությունը «սահմանափակ» արձակ է, «հնացող» երևի, գուցե: Ասացի, որ գրեթե՝ «էսսե»: «Հնացման» այդ հարցը, որ վերը քննարկեցի՝ հրապարակագրությունից դեպ արձակ, կոնկրետից դեպ հյուսվածք, բայց՝ ոչ աբստրակտ, անցնելու այդ խնդիրն Արան նրբորեն զգացել է:

Ես ասել եմ, որ գրում եմ երբեմն «ընթերցողահաճո» տեքստ, այսինքն` նախօրոք այնպես եմ այն ծրագրում, որ գիտեմ, որ ընթերցողին դուր է գալու, թեկուզև համեմատության մեջ՝ իմ իսկ «ոչ ընթերցողահաճո» տեքստերի հետ:

«Անաստված» կինոթատրոնը» հստակորեն այդ ժանրից է, զարմանալի չէ, որ ամենաշատն է «հավանվում»: Հեշտ է կարդացվում: Չի չարչարում ընթերցողին: Չարը կա, սակայն հաղթահարվում է, բարին մեծահոգի է և հստակ: Ավելի եմ սիրում այն գործերս, որոնք այդքան հեշտ ու միանշանակ չեն, որոնցում որսացել եմ գուցե մի բան, որն այլ տեղ կամ կերպ չէի կարողանալու արտահայտել. «Մաքրուհին», «Բռանդենբուռգը»: Նույնիսկ «Ինսպեկցիան», և հենց այն պատճառով, ինչի համար Արան այն քննադատում է: Արան համարում է, որ գործ չանող, կոպիտ ասած՝ հեղափոխություն չանող հերոսը՝ պրոտագոնիստը, նվնվանի մեկն է:

Համաձայն չեմ: «Ինսպեկցիայի» հերոսը, և այդ կարծիքը լսել եմ նաև այլ ուշադիր ընթերցողներից, շա՜տ նրբին ռեֆլեքսիայի զգացողություն ունի. նա դիտող, ռեֆլեքսիա անող հերոս է: Նրա՝ արձակ գործի «հերոս» լինելը հենց դրանում է: Ես երբեք, երբեք արձակ գործի «հերոսին»՝ պրոտագոնիստին, չեմ միավորում «հերոսություն» անող հերոսի երևույթի հետ: Այդքան բան հասկանալը և արտահայտել կարողանալը, որ Վարոսն անում է, առանձնահատուկ տաղանդ է: Վարոսն այդպիսի տաղանդավոր անձ է, մենք այդպիսիներին քիչ ենք հանդիպում, թեև նրանք կան մեր շուրջը:

Վարոսի մի տարբերակն էլ, գուցե, «Մաքրուհու» «պատմողն» ու պրոտագոնիստն է՝ Սարգիսը: Սա, ասենք, գործողություն կատարում է. «փող ցանելու հեղափոխությունը». Արան դա հեղափոխություն է անվանում, թեև՝ ապարդյուն հեղափոխություն: Իհարկե ապարդյուն ու երևակայական. այն գալիս է անհնարինությունից՝ որևէ բան փոխել առանց շա՜տ այլ միջոցների, միջոցների, որոնց քննարկումը, կարծում եմ, գոնե տվյալ արձակի տիրույթից դուրս է: Արան, իհարկե, ճիշտ է կարդում գործը. վերջում պարզ է, որ երևակայական «փողի հեղափոխությունը» ոչ մի արդյունքի չէր կարող բերել: Բայց մի՞թե կարելի էր կասկածել դրանում, այլ բան սպասել:

Այն, ինչ նույնիսկ հեղափոխություն էլ չէր՝ չօգնեց և նախապես արդեն չէր կարող օգնել, դա նախօրոք հուսահատություն էր, ապստամբություն, որը ես նմանեցնում եմ «Զաբրիսկի փոյնթի» վերջին դրվագին, երբ աղջիկը հայացքով պայթեցնում է դղյակը նորից և նորից, բայց՝ միայն երևակայության մեջ: Իսկ տղան արդեն սպանված է:

Ապստամբություն՝ լեզու գտնելու «Թուրքմենստանի» հետ, այն նույն «Թուրքմենստանի», որի հետ ոչինչ անել հնարավոր չէ «Ինսպեկցիայում», կամ՝ որն անհասկանալի ձևով, առանց ապստամբելու, զուտ իր անհաղորդությամբ վնասազերծում է Կիսելյովին: Չէ՞ որ «Թուրքմենստանը» կազմված է ոչ միայն Մաքրուհուց, այլև ողջ այդ հասարակությունից, անմեղ՝ իր պատուհասի մեջ, սակայն և անտեղյակ՝ իր պատուհասի արհավիրքի խորքից: Նրանց, ում ես այս տեքստի սկզբում անվանեցի «բիոմասսա»:

***

«Քամու պանրիկը» նույնպես «ընթերցողահաճո» գործ է: Արան այն և «Անաստվածն» ամենաշատն է հավանել: Թվում է, պարադոքս է. ինչպես՞ կարող է ընթերցողահաճո համարվել այն գործը, որի գործող անձանցից մեկի լեզուն գրեթե անհնար է հեշտությամբ կարդալ և հասկանալ: Հորինովի, խորքային, անխնա բարբառով գրված այդ պարբերությունները որոշ ընթերցողների պարզապես ստիպել են խորշել այդ պատմվածքից: Իսկ ով որ ներս է մտել, եթե բան է հասկանում ընթերցողահաճո և ոչ գործերից, նաև չի հավանել հենց այդ պատճառով. որ ընթերցողահաճո է:

Ի՞նչ իմաստով:

Որովհետև բացի այդ բարբառից՝ մնացածը հետևում է և՛ սովորական «գրականության», և՛, ինչպես Արան է ասում, «հայ» գրականության կանոնին. Արան, ճիշտ է, համարում է, որ հենց այս գործն է այն հաղթահարում: Ինչ արած. հեղինակը փոքր-ինչ այլ կարծիք ունի: Գործում կա հաճելի տատիկ: Հաճելի տատիկը ժամանակակից (և երևի նաև ցանկացած այլ) արձակում մոտավորապես նույնն է, ինչ կատվիկի լուսանկարը՝ դրված որպես ֆեյսբուքյան ստատուս: Դա, էսպես, արդեն նախօրոք հեշտ ու թեթև հաճույք հարուցող՝ մեշչանա-քաղքենիական, կոելյոյական, կոմպլիմենտար փախուստ է իրականությունից: Իրենց հաճելի տատիկ չհամարող տատիկները չեն հավանել այդ կերպարը և այդ գործը:

Մյուսը՝ գեղեցիկ, համամասն երիտասարդ տիկին է, սկզբում՝ հղի, հետո՝ նորածին մանչի հետ: Իր երիտասարդ ընկեր-ամուսնուն և նրա տոհմին հպատակ, հլու-հնազանդ, անկախ հայացքը պահպանող, սակայն՝ գոհ իր կարգավիճակից, նրանց «ճշմարտությունն» ու աշխարհն անվերապահորեն ընդունող, չընդվզող: Հայոց հեքիաթային (ավելի քան հայոց) բնությունն ու գյուղը սիրող, ինչպես մեր ֆեյսբուքյան հասարակության խոշոր մասը: Եվ՝ կա մածնապանրիկը՝ ֆանտաստիկ մի գոյություն, էլի՝ շատ հաճելի. մածունի և պանրի միակցում, երկուսն էլ՝ շատ հաճելի «հայկական» նյութեր, սիրելի բոլորի համար, բացի նրանցից, ով տանել չի կարող պանիր:

Սակայն այդպիսիք այս գործում չկան: Կա՝ խորհրդավորություն, բնության փարթամություն, պատերազմի «նորմալություն» և ապագա անվերջ պատերազմի «անխուսափելիություն»:

Եվ գրեթե ոչ մի ընդվզում, բացի մասնակի ընդվզման հետքից պատերազմի դեմ, լրիվ ընդունելի՝ այդ արժեհամակարգում: Այն իմաստով՝ որ «ոչ մեկս էլ պատերազմ չէր ուզում, բայց դե ինչ արած»:

Սա Նեդոլյանը շատ է հավանել:

Ուրախ եմ:

Ես էլ եմ հավանում:

Սակայն՝ վերն ասածս մնում է ճշմարիտ: «Հեշտ» աշխարհ է, ինչ-որ իմաստով, Բյուրգնդև գյուղի աշխարհը: Բացի տատիկի բարբառից՝ ընթերցողից ճիգ չի պահանջում, չի պահանջում «կոմֆորտի տիրույթից» դուրս գալ. ընդհակառակը. ամրապնդում է նրա հարմարավետությունը՝ վերահաստատելով որոշակի միֆեր: Որ՝ հարսը հնազանդ արարած է և շատ գոհ, որ փեսայի աշխարհ է ընկել: Որ՝ մեր աշխարհներում կան դեռ  հանճարեղ և անհայտ հայտնագործություններ: Ամեն ինչ չի փլուզված: Որոնք կարելի է պարզապես, այսպես, մի տեղ այցելել և գտնել գետնին փռված, ասես` ոսկու հանք: Որ՝ հարսն իր վրա է վերցնում տատիկի առաքելությունը, և «կարմիր թելը» չի կտրվելու: Որ՝ այդ աշխարհն աղերսված է հազարամյակներից առաջ եղած պատմությանը, կարճ ասած՝ «մենք եղել ենք շումերներից էլ առաջ»:

Իսկ, այ, երբ կոմֆորտի տիրույթից դուրս տեքստ է, դա, իհարկե, չարչարում է, և լավ կլիներ՝ չլիներ. դա ծամծմեր հեղինակն իր մեջ և դուրս չտար, իսկ դուրս տար, ասենք՝ էպիկական, բեսթսելլերի հավակնություն ունեցող սյուժետային պատմություններ... Ոչ թե փնտրեր, կիսվեր, տանջվեր ու տանջեր, այլ՝ «գտներ»:

***

Թե ինչպե՛ս բավարարել քմահաճ ընթերցողին: Կոննուասյեր կոնսյումերին, որը հայացքներով հակաշուկայական է, իսկ ընթերցելու մշակույթով՝ բավարարություն է ակնկալում հեղինակից, չնայած ժամանակակից հայ գրականության շուկա չկա, իսկ կա՝ հազար ու մի տեքստ, դարերով խառը կարդա՝ չես էլ գտնի հայ ժամանակակից հեղինակի, թե հատուկ չփնտրես:

Սա իմ մեջ հարց է առաջացնում. իսկ գուցե իրոք արձակը սահմանափակ է: Ես միշտ կարծել եմ, որ արձակն ամենաանսահմանափակ միջոցն է՝ առանց խաբելու պահանջ դնել ընթերցողի առջև՝ լինել ավելի զգայուն, փոխվել, դառնալ խորաթափանց, դառնալ տրագիկ:

Իսկ գուցե այդ խորքն անհնար է, «ճղում» է կտավը: Գուցե չարժի էլ փորձել շատ խորը գնալ: Գուցե, իրոք, պետք է գտնել այնպիսի սյուժեներ և ոճեր, որոնք, խաբելով, բարուրելով ընթերցողին, բոլոր հարցերը լուծած, սկուտեղի վրա ներկայացնելով, նրան տանո՞ւմ են:

Կան գրողներ, որոնք երկու հարցը միաձուլված կարողացել են լուծել. կարծես թե առանց «խաբելու»՝ սակայն այնպե՛ս բռնել ընթերցողի «վզակոթից», որ կարդա առանց կտրվելու, և՛ հաճույքը ստանա, և՛ ողջ այն բեռը, որ կոմֆորտի տիրույթից դուրս գալն է բերում, սակայն՝ առանց այդ տիրույթից դուրս գալու: Վոլանդի կողմից հիպնոսված: Աննկատ, ասես զուլալ ջրի մեջ լուծված թույնի կաթիլ:

Բուլգակովը, ասենք:

Որոշ գրողներ այդպիսին չեն. նրանք դառն են, ճիշտ հակառակը նրան, ինչ Հրանտ Մաթևոսյանի՝ «ավազակ» Իշխան հերոսն էր ասում. «Մարդ չպիտի այնքան դառը լինի...», և այլն:

Հրանտն այդպիսին է. դառն է: Բայց... «դուրս թքել» չի լինում: Կոկորդիդ է մնում:

Իսկ ես... այդ մեծերի և Պիկուլների ու Թուրքմենբաշու արանքում՝ փնտրում եմ: Գտնեմ-չգտնեմ...

Սա գրելու առիթի համար՝ ևս մեկ շնորհակալություն Արային:

Խմբագրելու և վերնագիրն առաջարկելու համար՝ շնորհակալություն Սիրանուշ Դվոյանին:

 

[1] Գրախոսել եմ այդ գիրքը. https://www.gtergab.com/ru/news/essay/the-lessons-of-history-russian/145/

0 մեկնաբանություն

Մուտք


Գրանցում