Գլխավոր > Նյութեր > հոդվածներ > Սիրանուշ Դվոյանի դիտարկումները ԱԺ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները թեմայով խորհրդարանական լսումներին

Սիրանուշ Դվոյանի դիտարկումները ԱԺ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները թեմայով խորհրդարանական լսումներին

Ներկայացնում ենք Կենտրոնի գիտական ծրագրերի համակարգող Սիրանուշ Դվոյանի դիտարկումները փետրվարի 24-ին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին:

Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման քննարկման հնարավորության համար և հույս հայտնել, որ այս, ինչպես և նախորդ ամիսներին օրենքի նախագծի վերաբերյալ ծավալված բազմաթիվ քննարկումներն այնուամենայնիվ իրենց արժանի վերաբերմունքին կարժանան` օրենքի վերջնական մշակման փուլում:

Օրենքի տարբեր կետերի և հոդվածների վերաբերյալ բարձրագույն կրթությամբ հետաքրքրված ու դրանում ներգրավված տարբեր անհատներ ու խմբեր բավականին լուրջ փաստարկումներով արտահայտել են ոլորտի հիմնական մտահոգությունները: Դրանք նորից կրկնելու հարկ չեմ տեսնում և միանում եմ բազմաթիվ այն մտահոգություններին, ըստ որոնց բարձրագույն կրթական համակարգն օրենքի այս նախագծով անցնում է առավել ուղղաձիգ կառվարման մոդելի, որի հիմնավորումը այդպես էլ մինչ այժմ չի հնչել: Այս պահին օրենքի առաջարկված նախագծի հետ կապված կոնցեպտուալ մի քանի հարցեր է, որոնց ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը:

  1. Ինչպես առաջարկվող նախագծի անհրաժեշտության հիմնավորման մեջ է նշված (տե՛ս Հիմնավորում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի նախագծի ընդունման), 1999, 2000 և 2004 թթ. ընդունված օրենքներից հետո Հայաստանը ներգրավվել է միջազգային մի քանի կրթական ու գիտական ծրագրերում, որոնց մեջ լայնորեն ներառնվելու և ըստ այդմ Հայաստանում կրթական բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունից է ելնում օրենքի առաջարկվող նախագծը:

Կասկածից վեր է, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը (կրթությունն առհասարակ) ու գիտությունը կարիք ունեն զարգանալու միջազգային կրթությանն ու գիտությանը համաքայլ: Դա Հայաստանում ապրող և կրթության ու գիտության հեռանկարով մտահոգ յուրաքանչյուրի երազանքն է, շատ քիչ մասի` կյանքի օրակարգը: Գիտենք ցավոք, որ այս պահին Հայաստանը մեծ հաշվով ներառնված է այդ համակարգերում հիմնականում ֆորմալ կերպով: Հայաստանում կրթական և գիտական գործընթացները ոչ միայն դուրս են միջազգայիններից, այլ նաև այս պահին մեր երկրում առկա ինստիտուցիոնալ ռեսուրսներով այդպիսի գիտություն ու կրթություն իրականացնել հնարավոր չէ:

Օրենքի առաջարկվող նախագիծը, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, ոչ թե ելնում է տեղական այս պայմաններից, իսկ բարեփոխումների անհրաժեշտությունը` տեղական խնդիրներից, այլ այն թյուր պատկերացումից, որ միջազգային պարտավորություններին ֆորմալ կերպով հարմարվելով և ինչ-որ իմաստով միջազգային մոդելներին համապատասխանություն փնտրելով հնարավոր է ավելի լավ կամ ավելի զարգացած կրթական ու գիտական համակարգ ստեղծել:

Նախորդ տասնամյակների փորձը սա է եղել: Ինքս Բոլոնյան կրթական համակարգի ջատագովներից ու խանդավառ ընդունողներից մեկն եմ եղել և եմ այսօր: Բայց իմ բազմամյա փորձը հայաստանյան տարբեր կրթական ու գիտական հաստատություններում (ԵՊՀ, ՀԱՀ, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտ)` ուսանողական կարգավիճակից մինչև դասավանդում և գիտություն, ինձ պարբերաբար առերեսել է այն իրողությանը, որ իրականացված բարեփոխումները չեն հասել ու չեն մտել ինստիտուցիաներ ոչ թե որ գրված օրենքներ չեն եղել, այլ որովհետև այդ օրենքները չեն իջել ու կապվել կրթական ու գիտական առօրյայի հետ:

  1. Իսկ այդ առօրյան կա, և այն կանխորոշում է կրթական ու գիտական ընթացքներն ավելի շուտ և ավելի շատ, քան կարելի է պատկերացնել: Հաշվի նստո՞ւմ է արդյոք օրենքի առաջարկվող նախագիծը սրա հետ, թե ոչ, ըստ իս կարևոր հարց է: Այդ առօրյան առայժմ պարփակված է մարդկանց նվազագույն սոցիալական կարիքները հոգալու շրջանակում, և բարքերը, որոնք ձևավորվել են կրթական ու գիտական հաստատություններում ամենատարբեր մակարդակներում (ուսանողից միչև դասախոս և վարչական պատասխանատուներ), այս նվազագույն ապահովությունը ստանալու շուրջ են: Օրենքի առաջարկվող նախագիծն, ըստ իս, հաշվի չի նստում մեր կրթական ու գիտական հաստատություններում ձևավորված այս իրողության հետ, որն ավելի ուժեղ է ու գործուն, քան թղթի վրա գրված ցանկացած օրենք ու դա պարտադրող ուժ:

Եկեք մի պահ վերանանք միջազգային պարտավորություններից ու նայենք մեր հաստատություններին: Արդյո՞ք նրանք հայտ ներկայացրել են, թե ինչպիսի հաստատություն են իրենք և նաև ինչպիսի հաստատություն են ուզում լինել: Ունե՞նք սրա պատասխանը: Ես գոնե փնտրել ու չեմ գտել: Մյուս կողմից, արդյո՞ք կրթական գերատեսչությունները լուրջ են վերաբերվել նրան, թե ինչի շուրջ են այս հաստատություններում համաձայնության եկել տարբեր օղակներն ու խմբերը: Եվ այսօր` ինչի՞ շուրջ է, որ կարող են համաձայնության գալ նրանք և որի երաշխավորը կարող է դառնալ առաջարկվող օրենքը: Տպավորությունս այն է, որ օրենքը ոչ թե տեղական խնդիրներից ելնելով շրջանակում է կրթական ու գիտական իրականությունը, ինչի կարիքը խորապես ունենք այսօր, այլ հռչակում է ընդհանուր բնույթի կետեր, որոնք, ինչպես քննարկումների ժամանակ կարելի էր տեսնել, տեղիք էին տալիս բազմակի մեկնաբանությունների ու թյուրըմբռնումների:

  1. Եվ այստեղ խնդիրը բնավ էլ այն չէ, որ նախագիծը աշխատանքային վիճակում է ու դեռ հղկման կարիք ունի: Անշուշտ, որևէ առարկություն չի կարող լինել սրան: Խոսքն այս դեպքում այն մասին է, որ օրենքի նախագիծը մատչելի չէ ո՛չ առաջին, ոչ էլ բազմակի ընթերցմամբ: Նույնիսկ հմուտ խմբագրման պարագայում այն անմատչելի կմնա, քանի որ օրենքը մշակողների համար խնդիր չի եղել այն, որ այդ օրենքը նախևառաջ այդ ոլորտի բոլո՛ր մարդկանց համար է` ամենաթույլ զարգացած հմտություններով ուսանողից մինչև գերինտելեկտուալ գիտնական: Առաջարկված տարբերակով ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ի զորու չեն թափանցելու նախագծի բովանդակության մեջ, քանի որ լեզուն, որով գրված է օրենքը, մի լեզու է, որ պիտանի է բազմակի օգտագործման` «օրենք» գրելուց մինչև գրասենյակային գրագրություն: Այն միանգամից օտարում է մարդուն իրենից:

Նշածս երեք կետերը մի  հիմնական խնդիր են առանձնացնում օրենքի նախագծի անհրաժեշտության հետ կապված: Կասկածից վեր է, որ բարձրագույն կրթության ու գիտության համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի այսօր: Բայց նույնքան կասկածից վեր է, որ ցանկացած բարեփոխում կարող է հաջողել, եթե այն իր մշակած կանոնակարգերով ու օրենքներով ելնում է այն պայմաններից ու կարիքներից, որոնց բարեփոխմանն է ուղղված: Հույս ունեմ, որ օրենքով շահագրգիռ բոլոր կողմերը զգայուն կլինեն այս հարցի հանդեպ մինչև օրենքի վերջնական տարբերակին գալը:

Շնորհակալություն:

0 մեկնաբանություն

Մուտք


Գրանցում