Նախագծի մասին
Քաղաքացիական շարժումները ՀՀ-ում
Դասընթաց երիտասարդ հետազոտողների համար
Այս համալիր ծրագիրը ներկայացնում է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունը։ Ծրագիրն իրականացվում է երկու փուլով։
Առաջինը, որ սկիզբ է առել 2019 թվականի մայիսից՝ Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) հետ համագործակցությամբ, ուղղված է եղել ՀՀՀԿ-ի` որպես մշտական գործող վերլուծական կենտրոնի ինստիտուցիոնալ ամրապնդմանը՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիական հասարակության տեսական և գործնական իրազեկվածությունը և խրախուսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության, երիտասարդության, ակադեմիայի և Հայաստանում որոշում կայացնողների միջև:
Այդ ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բարձրագույն կրթության խնդիրներին, որոնց վերհանմանը, ուսումնասիրությանը և դրանց վերաբերյալ առաջարկությունների պատրաստմանը նվիրված է եղել երկու առանձին ծրագիր՝ Բարձրագույն կրթությունը Հայաստանում և Վերամտածելով համալսարանական ավանդույթը Հայաստանում։
Դրա հետ մեկտեղ կազմակերպվել են քննարկումներ, վեբինարներ, տեսաներկայացումներ, հետազոտություններ, ձևավորվել է Կենտրոնի հետ համագործակցող ուժերի շրջանակը։
Երկրորդ փուլը, որն սկսվել է 2020 թվականի հոկտեմբերից, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (National Endowment for Democracy) հետ համագործակցությամբ, ունի երկու հիմնական ուղղություն:
Առաջինի նպատակն է հաղորդակցվել Հայաստանի հետհեղափոխական քաղաքացիական հասարակության տարբեր հատվածների հետ՝ 2008-2018 թթ. քաղաքացիական շարժումների փորձը քաղաքացիական հասարակության ներկայիս դերակատարներին փոխանցելու նպատակով։
Երկրորդը՝ ուղղված է հայաստանյան հասարակության հիմնական սոցիալական խմբերի վերհանմանը և նրանց միջև երկխոսության հնարավորությունների հետազոտությանը: Այդ ուղղությունը խնդիր ունի նպաստելու հասարակության մեջ հորիզոնական կապերի ամրապնդմանը, կանխելով գերակշռող ուղղահայաց հասարակական դաշինքի ձևավորումը, որն իր մեջ կառավարման ավտորիտար տարրերի վերակենդանացման վտանգ է պարունակում:
Ծրագիրն իրականացվում է քննարկումների, դասընթացների և սեմինարների միջոցով` դեմառդեմ և հեռավար հաղորդակցությամբ՝ մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում: Ծրագրի շահառուներն են քաղաքացիական խմբերն ու նախաձեռնությունները, գիտական համայնքը, սկսնակ ակտիվ երիտասարդները և նման օրակարգեր ունեցող որոշումներ կայացնողները:
Դասընթացի մասին տեղեկատվության, ինչպես նաև մասնակցության հայտը լրացնելու համար ↴
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը հրավիրում է մասնակցելու երկամսյա դասընթացի, նվիրված Հայաստանում քաղաքացիական շարժումների պատմության, դիսկուրսների, պրակտիկաների և դրանց հեռանկարների քննադատական իմաստավորմանը:
Անկախության նվաճման փուլը Հայաստանում անմիջականորեն կապված է 1988-1990 թվականների զանգվածային ժողովրդավարական Շարժման հետ, որի անքակտելի մասն են եղել ինչպես փողոցային բողոքի ցույցերը, այնպես էլ քաղաքացիական ինքնակազմակերպման բազմաթիվ այլ ձևեր։ Սակայն, 2008 թվականին սկսված քաղաքացիական ակտիվիզմի փուլը նոր չափելություն հաղորդեց հայաստանյան հասարակությանը, իր հետ բերելով պրակտիկաներ, որոնք էական դեր ունեցան նախ և առաջ քաղաքացիական որակների ձևավորման գործում։ Այդ շարժումները, թեև կազմված են առանձին խնդիրների լուծմանն ուղղված քաղաքացիական նախաձեռնություններից, բայց միավորվում են որպես Հայաստանում նոր տեսակի մշակույթի ու գիտակցության ձևավորման ընդհանուր գործընթաց։ Նրանց ստեղծած մշակութային տեքստերում նորովի են իմաստավորվում հանրային տարածքի և համերաշխության, սոցիալական պատասխանատվության և սոցիալական արդարության խնդիրները: Քաղաքացիական ակտիվիզմի այդ ալիքը հանդես եկավ որպես 2018-ի հեղափոխական իրադարձությունների շարժիչ ուժերից մեկը և իր գագաթնակետին հասավ նրանում։ Այնուամենայնիվ, հեղափոխության ոչ միանշանակ արդյունքները, որոնք առավել ցայտուն ի հայտ եկան հետպատերազմական Հայաստանում, չէին կարող չազդել հասարակության կողմից քաղաքացիական շարժումների ընկալման և նրանց ինքնընկալման վրա։ Ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջադրել, որոնք չենք կարող լուծվել առանց անցած ճանապարհի, այդ ընթացքում ձևավորված դիսկուրսների և պրակտիկաների քննադատական վերաիմաստավորման, անելիքների և հեռանկարների քննարկման: Այդ հարցերին է նվիրված նախատեսված դասընթացը։
Դասընթացը բաղկացած է տասը մասից: Նրա ընթացքում անդրադարձ կկատարվի քաղաքացիական հասարակության հիմնարար կողմերին և այն կերպափոխումներին, որոնք վերջինս ապրել է տարբեր պատմական փուլերում՝ խորհրդային ժամանակաշրջանից մինչ այսօր։ Առանձին ուշադրություն կդարձվի 1988-1990 թվականների համաժողովրդական շարժմանը, կդիտարկվեն քաղաքացիականը և ակտիվիստականը 2008-ից առաջ և հետո: Քաղաքացիական և ակտիվիստական շարժումները կքննարկվեն «թավշե հեղափոխության» հայելում՝ ինչպես նվաճումների, այնպես էլ թերացումների առումով։ Կվերլուծվի քաղաքացիական շարժումների ազդեցությունը հասարակական դիսկուրսների ու պրակտիկաների փոփոխության վրա։ Անդրադարձ կկատարվի քաղաքացիական շարժումների բերած նոր արդյունքին՝ կապված քաղաքացիական արժեքներ ու մտածողություն կրող անհատների ձևավորման հետ։ Դասընթացները նաև կօգնեն հասկանալու, թե ինչպես են շարժումները ձևավորում նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչու են դրանք տարբերվում քաղաքական այլ ցույցերից կամ զանգվածային բողոքներից, կներկայացվեն բնապահպանական և կանանց իրավունքների պայքարը և նպատակը, անդրադարձ կկատարվի քաղաքացիական շարժումների ներքին կազմակերպման և խմբային ինքնության կառուցման հարցերին:
Դասընթացը կվարեն Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ, փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը, մշակութային մարդաբան, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանը, ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Համլետ Մելքումյանը, սոցիոլոգ, հետազոտող, Սոցիոսկոպ ՀԿ-ի ղեկավար Արփի Մանուսյանը, իրավաբան և բնապահպանական մի շարք բնապահպանական նախաձեռնությունների հիմնադիր Արթուր Գրիգորյանը, քաղաքագետ, հետազոտող, մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հիմնադիր և անդամ Օլգա Ազատյանը:
Դասընթացին մասնակցության համար կարող են դիմել հասարական դաշտում ակտիվ անձինք, որոնք առավելապես բնակվում են Հայաստանում: Խրախուսվում են հատկապես քաղաքացիական շարժումներով հետաքրքրված և դրանցում ակտիվորեն ներգրավված մարզաբնակ երիտասարդները:
Դասընթացը կմեկնարկի 2021 թ. հունիսի 4-ից, առցանց, յուրաքանչյուր ուրբաթ 19:00-21:00-ը և կավարտվի օգոստոսի 6-ին:
Մասնակցության հայտը լրացնել հետևյալ հղումով: https://forms.gle/ogwn1zoyUWx7HohdA
Դիմելու վերջնաժամկետն է 2021 թ. մայիսի 28-ը։
Հարցերի դեպքում գրել info@archumanities.am էլ փոստին կամ զանգել 091310391:
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը սոցիալական շարժումների հետազոտությամբ հետաքրքրված հետազոտողներին հրավիրում է մասնակցելու շարժումների տեսությանը և հետազոտության մեթոդաբանությանը նվիրված դասընթացին: Դասընթացը մասն է կազմում Կենտրոնի Հայաստանում սոցիալական շարժումներին նվիրված ծրագրի և նպատակ ունի աջակցել հետազոտողներին զարգացնելու իրենց հետազոտական գիտելիքներն ու կարողությունները: Շաբաթական երկու հանդիպմամբ վեց դասից բաղկացած դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին հայաստանյան սոցիալական շարժումների փորձը տեսնել առավել լայն` միջազգային փորձի համատեքստում, շոշափել դրանց ունիվերսալ բնույթը, քննարկել սոցիալական շարժումներով ի հայտ եկած քաղաքացիականության ըմբռնումները, կապը քաղաքական իրադարձությունների հետ և հասու լինել շարժումների ուսումնասիրություններում մշակված մեթոդաբանությունների, հասկացությունների կիրառությանը, հետազոտական տարբեր փուլերում անհրաժեշտ գործիքների կիրառությանը, առանձին դեպքերի քննությանը և այլն:
Դասընթացը վարում են սոցիալական շարժումների ուսումնասիրությամբ զբաղվող Հայաստանի և Սփյուռքի լավագույն մասնագետները:
Դասընթացը կմեկնարկի շարժումների ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ նվիրված ընդարձակ թեմայով՝
«Քաղաքացիական մշակույթ, քաղաքացիական հասարակություն, հասարակագիտական հետազոտության մեթոդներ», որը կվարի քաղաքագիտության դոկտոր Վալենտինա Գևորգյանը: Նյութը կմատուցվի երեք դասախոսությունների ընթացքում։
Դաս 1. Փետրվար 8
Թեմաներ՝ Քաղաքացիական մշակույթ, քաղաքացիական հասարակություն, սոցիալական շարժումներ և քաղաքացիական անհնազանդության հասկացությունների զարգացումը, ոչբռնի պայքարի և ժողովրդավարության զարգացման փոխազդեցությունը պատմության ժամանակագրության մեջ, հասարակագիտական հետազոտություններում տեսությունների կիրառումը՝ տեսությունից մեթոդաբանություն, հետազոտության գործընթացի փուլերը, հետազոտություններում հասկացությունների կիրառումը և գործառնականացումը, էթիկական խնդիրներ։
Դաս 2. Փետրվար 10
Թեմաներ՝ Ոչ-բռնի պայքարի մեթոդների քննարկում, մեթոդաբանական հնարքների կիրառման քննարկում՝ քանակական և որակական տվյալների հավաքագրում, հարցումներ, ֆոկուս-խմբային քննարկումներ, մասնակցային հետազոտություն, դիտարկում (observation), գործընթացի հետագծում (process tracing), անհատական աշխատանքների քննարկում։
Դաս 3. Փետրվար 24
Թեմաներ՝ Մեթոդաբանական հնարքների կիրառման քննարկում՝ դեպքի ուսումնասիրություն, երկրորդային տվյալների հավաքագրում և մեթոդաբանական հնարքների համադրում, բովանդակության վերլուծություն, լրատվամիջոցների վերլուծություն, անհատական աշխատանքների քննարկում։ Դասընթացի ՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԸ կմատուցեն Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Ասպետ Գոչիկյանը և ՌԱՀՀԿ տնօրեն, վերլուծաբան Մանվել Սարգսյանը։ Այն նույնպես բաղկացած կլինի երեք դասախոսությունից։
Դաս 4. Փետրվար 15
Թեմա՝ Քաղաքացիական և հասարակական շարժումների դերը քաղաքական գործընթացների մեջ
Բանախոս՝ Ասպետ Գոչիկյան
Դաս 5. Փետրվար 17
Թեմա՝ Սոցիալական շարժումների ունիվերսալ բնույթը
Բանախոս՝ Մանվել Սարգսյան
Դաս 6. Փետրվար 22
Թեմա՝ Հայաստանում ծավալված սոցիալական շարժումները միջազգային համատեքստում
Բանախոս՝ Մանվել Սարգսյան
Դասընթացը կմեկնարկի փետրվարի 8-ին և կավարտվի փետրվարի 24-ին: Դասընթացին մասնակցության համար կարող են դիմել սոցիալական շարժումների հետազոտությամբ հետաքրքրված կամ զբաղվող անձինք: Մասնակցության հայտը լրացնել հետևյալ հղումով. https://docs.google.com/forms/d/1QTQcuizMCN4_iDVNygEtqEoEziRbD_E7czbiHtj71t8/edit
Դիմելու վերջնաժամկետն է 2022 թ.-ի փետրվարի 4-ը։
Տեղեկություններ բանախոսների մասին
Վալենտինա Գևորգյանը, բ․գ․թ․, հասարակագիտական հետազոտությունների մասնագետ է, հետազոտական հետաքրքրությունը՝ հետխորհրդային երկրներում քաղաքացիական հասարակության զարգացման ուղիները: 2009-2011թթ․ սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության բաժնում, ստանալով մագիստրոսի աստիճան։ 2017-2021թթ․ սովորել է Ֆրիբուրգի համալսարանի քաղաքագիտության բաժնում, ստանալով գիտության թեկնածուի աստիճան։
Ասպետ Գոչիկյանը քաղաքագիտության և միջազգային հարաբերութիւնների դասախոս է: Վերջին 20 տարիներին նա դասավանդել է Հայաստանի և ԱՄՆի տարբեր ԲՈՒՀերում: Գոչիկյանը մասնագետ է փոքր պետությունների դիմագրաված մարտահրավերների շուրջ` կենտրոնանալով քաղաքացիական հասարակության, արտաքին քաղաքականության, քաղաքական զարգացումների և ազգայնականության վրա:
Մանվել Սարգսյանը Ղարաբաղ կոմիտեի առաջին հիմնադիր անդամներից է: 1992 թ. նշանակվել է Լեռանային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչը Հայաստանում, 1993-ին եղել է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդականը: 1995-1999 թթ. վերլուծաբան է աշխատել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում: 2000-2005 թթ. եղել է ԼՂՀ նախագահի միջազգային հարցերով խորհրդականը, իսկ 2006-2007 թթ.` Կովկաս ինստիտուտի վերլուծաբան: 2008- ից Սարգսյանն աշխատում է ՌԱՀՀԿ կենտրոնում որպես ավագ վերլուծաբան, 2011 թ. ապրիլից ՌԱՀՀԿ տնօրենն է:
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը
հիմնվել է 1993 թվականին և վերագործարկվել է 2017-ին։ Կենտրոնի նպատակն է եղել ազգային կյանքի և զարգացման հիմնահարցերը քննել ժամանակակից հասարակագիտական մտքի նվաճումների լույսի ներքո։ Նրա գործունեության առանցքը կազմել են տեսական և փիլիսոփայական հարցադրումներով առաջնորդվող ճյուղային և միջճյուղային հետազոտությունները, որոնք վերաբերվում են հումանիտար մտքի ողջ սպեկտրին։ Ներկայումս Կենտրոնի գործունեության առարկան են հայ հասարակության արդիականացմանը նպաստող գիտակարգային և միջգիտակարգային հումանիտար հետազոտությունները, ինչպես նաև դրանց ընթացքում ստացված արդյունքների հիման վրա իրականացվող հրապարակախոսական, հրատարակչական, գիտակազմակերպչական և կրթական աշխատանքները:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական շարժումների խնդիրներով հետաքրքրված երիտասարդ հետազոտողների համար