Գլխավոր > Նախագծեր > Խորհրդայինը ժառանգելու պարադոքսները

Խորհրդայինը ժառանգելու պարադոքսները

Նախագծի մասին

Գիտաժողովից

2018 թվականի հոկտեմբերի 24-25-ին Երևանում տեղի ունեցավ Խորհրդայինը – հետխորհրդայինը – հետ-հետխորհրդայինը. Խորհրդային ժառանգությունը, ազգային շինարարությունը և Արևելյան գործընկերությունը թեմայով գիտաժողովը, որը կազմակերպել էին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը:

Նյութն ընտրելիս կազմակերպիչները ելել են այն հիմնարար իրողությունից, որ հետխորհրդային երկրների գոյության մոտ երեք տասնամյակների ընթացքում վերաբերմունքը խորհրդային անցյալի նկատմամբ շարունակում է մնալ երկակի։ Հնարավոր պատճառը «ազատական գլոբալացման» հռետորաբանության վրա կառուցված նախագծի իրականացման դժվարությունն է։ Փաստն այն է, որ անցումն ազատական տնտեսությանն իրականացվել է մոբիլիզացիոն արդիականացման եղանակով։ Այն արտահայտվել է ոչ միայն տարածքների ու նյութական սեփականության (խոշոր արդյունաբերական գործարաններ ու կոմպլեքսներ, սովխոզներին պատկանող տարածքներ, գույք և նյութական այլ միջոցներ) մասնավորեցմամբ, այլև հանրային տարածքների մասնատմամբ, ինչպես նաև հանրային կրթությունն ու գիտությունը անտեսող և կիրառական ոլորտը բացարձակացնող  քաղաքականություններով: Համատարած մասնավորեցման արդյունք է հանդիսացել սոցիալական կտրուկ բևեռացումը, որն առավել խթանել է նոստալգիական վերաբերմունքը դեպի խորհրդային անցյալը:

Կարելի է ենթադրել, որ հետխորհրդային հասարակությունների համար ավելի ընկալելի է սոցիալական շուկայական տնտեսության մոդելը։  Բայց սոցիալական, այդ թվում՝ տնտեսական, կրթական, մշակութային և այլ ապահովության եղանակները, որոնք հայտնի են հետխորհրդային հասարակություններին, հենված են խորհրդային փորձառության վրա։ Պարադոքսն այն է, որ մի կողմից` հնարավոր չէ արմատապես ոչնչացնել ամեն բան, ինչ գալիս է նախկին կյանքից, մյուս կողմից` լուրջ հարց է դառնում ավանդվածը պահելը, քանի որ նոր կյանքը դժվարանում է տեղավորվել հնի գծած սահմաններում: Այս հակասության մեջ են դիտարկելի հետխորհրդային շատ ու շատ իրողություններ:

Խնդիրն, այսպիսով, ոչ թե խորհրդային ժառանգության սոսկական ուսումնասիրությունն է, այլ խորհրդայինից հետխորհրդային անցման մեխանիզմների քննադատական իմաստավորումը։  

Գիտաժողովը կոչված էր շարունակել 2017-ին Քիշնևում տեղի ունեցած նույնատիպ միջոցառմամբ սկսված աշխատանքը՝ քննարկելու խորհրդային ժառանգության ազդեցությունը ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում ձևավորվող հասարակություններում տարածված պատկերացումների և գործելակերպի վրա։

Գիտաժովին մասնակցեցին նշված հարցերով զբաղվող ուսումնասիրողներ և շահագրգիռ հանրային գործիչներ Հայաստանից, Բելոռուսից, Գերմանիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Ուկրաինայից։

Քննարկման հիմնական թեմաներն էին հիշողության հետխորհրդային քաղաքականությունը, պետական բռնաճնշումների ավանդության ժառանգությունը հետխորհրդային դարաշրջանում, տնտեսական անցման երկիմաստ փորձառությունը և խորհրդային կայսրության ժառանգությունը ոչ ռուսաստանյան հեռանկարից։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀՀԿ նախագահ դեսպան Ա. Ոսկանյանը։ Քննարկումների համար ուղղորդող դեր խաղացին ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի ղեկավար դոկտոր Թ. Շրապելի, Բեռլինի Հումբոլդի համալսարանի պրոֆեսոր Յ. Բաբերովսկու և Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիանի համալսարանի պրոֆեսոր Ի. Նարսկու առանցքային զեկուցումները։ Մասնակիցների ցանկը և թեմաները՝ այստեղ։

Գիտաժողովի օրգանական մասը կազմեցին Մայր Աթոռում կազմակերպված միջոցառումները՝ Հայ Առաքելական եկեղեցու ԺԶ.-Ի. դարերի պատմությունը լուսաբանող արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը և նույն թեմայով կազմակերպված գիտական լսումները։ 

Գիտաժողովը ցույց տվեց, որ հետխորհրդային տարածքի ներկայացուցիչների հավաքները մեծ ներուժ ունեն ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ համատեղ աշխատանքի նոր եղանակների մշակման առումով։ Գործնականում բոլոր մասնակիցները վճռականորեն արտահայտվեցին ընդունված ձևաչափի հետագա գործառման օգտին։ Ընդհանուր համաձայնություն կար նաև այն հարցում, որ առաջիկայում անհրաժեշտ է խորհրդային ժառանգության հաղթահարման (կամ պահպանման) ձևերի քննարկումից  անցում կատարել «հետխորհրդայինի հաղթահարման» և այնպիսի «նոր նորմալության» նվաճման ուղիների քննարկմանը, որում խորհրդային տարրը կընկալվեր որպես ընդհանուր ազգային ժառանգության բնականոն բաղկացուցիչ։ Այդ բնական վիճակն է, որ կոչված էր արտահայտել «հետ-հետ-խորհրդային» եզրը։

Ներկայումս ՀՀՀԿ-ը ԿԱՀ-ը համատեղ հրատարակության են պատրաստում գիտաժողովի նյութերը։ Այն նախատեսվում է լույս ընծայել ռուսերեն 2019 թ. երկրորդ կեսին։

Մուտք


Գրանցում