Գլխավոր > Նյութեր > տեսադարան > Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │2 տարի անց│ Արփի Մանուսյան, Աննա Ժամակոչյան

Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │2 տարի անց│ Արփի Մանուսյան, Աննա Ժամակոչյան

Աննա Ժամակոչյանը, Արփի Մանուսյանը և Սոնա Մանուսյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես են եկել «Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը հեղափոխության անկյան տակ» զեկուցմամբ: Աննա Ժամակոչյանը և Արփի Մանուսյանը, ելնելով իրենց հետազոտության մեթոդաբանական կառուցվածքից, փորձում են վերլուծել և գնահատել քաղաքացիական հասարակության դիմադրական և իրավապաշտպան խմբերի վերադիրքավորումը արդեն երկու տարվա հեռավորությունից: Հեղինակների կարծիքով հետհեղափոխական շրջանում ձևավորված դրական, էյֆորիկ լիցքը չի մեղմել քաղհասարակության քննադատական մոտեցումը իշխանության նկատմամբ։ Ընդհակառակը՝ առավել արմատական և սուր քննադատություն հնչում է հենց հեղափոխության մեջ ներգրավված խմբերի կողմից: Հեղափոխական առաջընթացի տեսանկյունից ամենամեծ ձախողումն այն է, որ քաղացիական հասարակության և կառավարության միջև այդպես էլ երկխոսության հարթակներ չեն ձևավորվել։ Այդ համատեքստում հեղինակները հատկապես մատնանշում են մեդիառեսուրսների խիստ բևեռացումը։ Հեռարձակվող մեդիան վերջնականապես կուսակցական շահերի սպասարկաման տարածք է դարձել և միակ երկխոսության տեղը մնացել է ֆեյսբուքը, որն ավելի շուտ նմանակում է գործընթացն ու պարպում իրական խոսքի ներուժը, քան երկխոսության հարթակ է ստեղծում: Այնուամենայնիվ, հեղինակերը հուսով են, որ քաղհասարակության ներսում ժամանակի հետ առաջ կգան գաղափարական հիմքով կազմավորված ցանցեր, իսկ պետական սեկտորում աշխատած և վերադարձած քաղհասարակության անդամները կկարողանան արդյունավետ կիրառել երկուստեք ձեռք բերած փորձառությունը։

0 մեկնաբանություն

Մուտք


Գրանցում