Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն
Նպատակը և գործունեությունը
Կառույցները
Պատմություն
Կենտրոնի գործունեության առարկան են հայ հասարակության արդիականացմանը նպաստող գիտակարգային և միջգիտակարգային հումանիտար հետազոտությունները, ինչպես նաև դրանց ընթացքում ստացված արդյունքների հիման վրա իրականացվող հրապարակախոսական, հրատարակչական, գիտակազմակերպչական և կրթական աշխատանքները:
Կենտրոնի գործունեության նպատակներն են հայ հասարակության արդիականացմանը նպաստող բնագավառային և միջբնագավառային հետազոտությունները հումանիտար գիտելիքի տարբեր ոլորտներում (քաղաքագիտություն, սոցիոլոգիա, մշակութաբանություն, գրականագիտություն, փիլիսոփայություն և այլն), ինչպես նաև դրանց ընթացքում ստացված արդյունքների հիման վրա իրականացվող հրապարակախոսական, գիտա-կազմակերպչական, գիտա-կրթական և հրատարակչական աշխատանքները:
Կենտրոնը հատուկ նշանակություն է տալիս հայաստանյան հասարակության, ինչպես նաև ողջ հայության ազգային ինքնակազմակերպման հնարավորությունների, ուղղությունների և գործնական հեռանկարների ուսումնասիրությանը՝ համաշխարհայնացման պայմաններում։
Այդ խնդրի լուծումը պահանջում է մշտական ինտելեկտուալ երկխոսություն միջազգային գիտական հանրության հետ, որը միտված կլինի աշխարհի տարբեր երկրներում արդի սոցիալական կառուցվածքների ուսումնասիրության փորձի փոխանակմանը և կնպաստի արդի հայկական իրողությունների նկարագրությանը ծառայող համապատասխան լեզուների մշակմանը։ Ընդ այդմ, խոսքը ոչ միայն գոյություն ունեցող տեսական մոդելների և սոցիալական պրակտիկաների փոխառնման և ստեղծագործական յուրացման մասին է, այլ նաև՝ հասարակության փոխակերպման հայկական յուրահատուկ փորձի արդյունքներն ընդհանրացնելու և միջազգային հանրությանն այն ներկայացնելու մասին։
Այս համատեքստում հատուկ նշանակություն են ձեռք բերում հայագիտության մեթոդաբանական սկզբունքների մշակումը և հայագիտական հետազոտությունների արդիական ուղղությունների նախանշումը։
Կենտրոնն իր առաջնահերթ խնդիրներից է համարում Հայաստանի, Սփյուռքի և արտասահմանյան հայագետների փոխըմբռնմանը նպաստող հաղորդակցական հարթակի ձևավորումը, որը կծառայի նրանց միջև արդյունավետ երկխոսությանը և փոխգործակցության ծավալմանը։
Կենտրոնը նպատակ ունի գիտաժողովների և սեմինարների կազմակերպման, սեփական ուսումնասիրությունների և թարգմանական գործերի հրապարակումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մեջ ընդունված այլ միջոցներով նպաստել Հայաստանում հումանիտար գիտությունների բնագավառում բարձր պրոֆեսիոնալիզմի և գիտական-քննադատական մթնոլորտի ձևավորմանը:
Կենտրոնի թե պետական կառույցների, թե հասարակական կարծիքի վրա ազդելու հիմնական ձևը բաց երկխոսություններն են։
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը հիմնվել է 1993 թվականի սեպտեմբերին։ Կենտրոնի նպատակն է եղել ազգային կյանքի և զարգացման հիմնահարցերը քննել ժամանակակից հասարակագիտական մտքի նվաճումների լույսի ներքո։ Նրա գործունեության առանցքը կազմել են տեսական և փիլիսոփայական հարցադրումներով առաջնորդվող ճյուղային և միջճյուղային հետազոտությունները, որոնք վերաբերվում են հումանիտար մտքի ողջ սպեկտրին։
Կենտրոնի շուրջը միավորված գիտնակաները ձգտել են, հաղթահարելով տեղական նյութի և ավանդական հարցադրումների սահմանափակ շրջանակները, բայց և խույս տալով ստանդարտացված «մոդեռնացնող» լուծումների իմիտացիոն վերարտադրությունից, հաղորդակից դառնալ արդիականության նյարդը շոշափող հիմնահարցերին։
Կենտրոնի առաջին նախագահության անդամներն էին՝ փիլիսոփայության թեկնածու Աշոտ Ոսկանյանը (նախագահ), փիլիսոփայության դոկտոր Լևոն Հարություն Աբրահամյանը (տեղակալ), փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս Սեն Արևշատյանը, պատմագիտության դոկտոր, ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը, պատմագիտության դոկտոր Վլադիմիր Բարխուդարյանը, բանասիրության դոկտոր Արամ Գրիգորյանը և Հայաստանի վաստակավոր նկարիչ Գրիգոր Խանջյանը։ Կենտրոնի առաջին գիտնական քարտուղարն էր բանասիրության թեկնածու Արծվի Բախչինյանը։
Գործունեության առաջին տարիներին Կենտրոնի ուսումնասիրությունները կենտրոնացած են եղել Հայոց ինքնությունը և ազգային ինքնակազմակերպման ձևերն ու եղանակները համալիր թեմայի վրա։
Կենտրոնի առաջին գիտաժողովները կայացել են 1994-ի ապրիլին (Ազատ հումանիտար համալսարանի հետ համատեղ) և հոկտեմբերին՝ Հայեր՝ ինքնություն և ինքնագիտակցություն խորագրով։
- 1995 թվի ապրիլին տեղի է ունեցել Կենտրոնի առաջին միջազգային գիտաժողովը՝ Ազգային ինքնության հիմնահարցը և արդիականությունը։
- Նույն թվականին գիտաժողովների նյութերի հիման վրա հրատարակվել է Կենտրոնի Տարեգրքի առաջին համարը՝ Ինքնություն։
- 2002 թվականին Կենտրոնի անդամների ծանրակշիռ մասնակցությամբ լույս է տեսել Ինքնության հարցեր տարեգիրքը, որի վերնագրում սակայն արտագիտական պատճառներով Կենտրոնի անունը չի հիշատակվել։
- 2003 թվականի աշնանը Կենտրոնը ՀՀ ԱԳՆ և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել է միջազգային գիտաժողով Հայաստանը Եվրոպայի ճանապարհին։
- 2005-ին գիտաժողովի արդյունքների հիման վրա հրատարակվել է Կենտրոնի Տարեգրքի հերթական պրակը՝ Հայաստանը Եվրոպայի ճանապարհին։
- 2017 թվականին ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն Կենտրոնը վերագրանցվել է։